Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցությունը պահանջում է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը:
Կուսակցության տարածած հայտարարության մեջ նշված է, որ Հայաստանի արտաքին քաղաքական «ձախողումների թիվ մեկ պատասխանատուն» Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն է: «Ակնհայտ է, որ այսօր գնալով ավելանում են Հայաստանի հանդեպ արտաքին քաղաքական ճնշումները թե՛ հայ-թուրքական թե՛ ղարաբաղյան հարցի կարգավորման առնչությամբ, որն արտահայտվեց նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հուլիսի 10-ի հայտարարությամբ»,- նշված է ՀՌԱԿ-ի հայտարարության մեջ:
«Հայաստանյան քաղաքական ընտրանին չի պատասխանել կարեւորագույն հարցերին, թե ո՞վ է ԼՂՀ եւ նրա օրինավոր բնակիչների անունից ճակատագրական որոշումներ ստորագրող լիազորված անձը կամ պետական ինստիտուտը, եւ ո՞ր օրենքով են հիմնավորված նմանատիպ լիազորությունները»,- նշել են հայտարարության հեղինակները եւ նկատել, որ եթե «ժամանակին ու պատշաճ կերպով արժանի գնահատական տայինք Թուրքիայի ու Ադրբեջանի` մեր ժողովրդի հանդեպ իրականացրած ցեղասպանություններին ու հարցերը տեղափոխվեին միջազգային իրավական հարթություն, ապա այսօր ստիպված չէինք լինի „աղերսել“ առանց նախապայմանների նորմալ հարաբերություններ, իսկ փոխարենը ստանալ „մերժողական“ պատասխան»
Կուսակցության պատասխանատուները հիշեցնելով, որ ՀՌԱԿ-ը դեռ ապրիլի 30-ին պահանջել էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը, մամրամասնում են. «Քաջ գիտակցելով, որ երկրի արտաքին քաղաքականությունն իրականացնում է ՀՀ նախագահը, միեւնույն ժամանակ, մենք մեր հարվածի սլաքն ուղղել էինք արտգործնախարարին այն պարզ պատճառով, որ համարում ենք` իր ստանձնած պարտականությունները կատարում է ապաշնորհ ձեւով, եւ չտիրապետելով մեր երկրի իրավիճակին, ճիշտ չգնահատելով նրա տեղը տարածաշրջանում ու աշխարհում, սխալ եզրահանգումների է գալիս Հայաստանի ու աշխարհի հետ հարաբերությունների հարցում»:



















