2011 թ. ՀՀ ֆինանսների նախարարությունը բացահայտել է ինսուլինի միջոցով պետությանը խաբելու փորձ: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին ՀՀ կառավարության նիստում տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է ինսուլինի գնման 2,5 մլրդ դրամի հայտ, սակայն ֆինանսների նախարարության գնումների գործակալությանը կասկածելի է թվացել հայտում նշված բնութագրերից մեկը: Ըստ մեր տեղեկությունների՝ հայտում նշված է եղել, որ տվյալ ինսուլինը կարող է ներարկվել բացառապես դաստակից, ինչի պատճառով այն ավելի թանկ արժե: Բացի այդ՝ այդ ինսուլինը ներարկելու համար պահանջվում են հատուկ ներարկիչներ: Խոսք է գնում գերմանական արտադրության «Լանտուս» ինսուլինի մասին, որի որոշ խմբաքանակներ 2011 թ. իսկապես էլ ներկրվել են, սակայն առաջացրել են հիվանդների ու բուժանձնակազմի դժգոհությունը, քանի որ որակական  հատկանիշներով ինսուլինի մյուս տեսակներին չի գերազանցում: Ֆինանսների նախարարությունը պահանջել է վերանայել այդ բնութագիրը, գնել այնպիսի ինսուլին, որը կարող է ներարկվել նաեւ մարմնի այլ մասերից: Մրցույթը վերահայտավորվել է, արդյունքում՝ հայտի արժեքը նվազեցվել է 0,5 մլրդ դրամով:

Նշենք, որ ինսուլինի հիմնական մատակարարը պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապված «Նատալի ֆարմ» ընկերությունն է: