Հուլիսի 19-ի երեկոյան` ժամը 20:00-ի սահմաններում, Սեւանի թերակղզու մոտ գտնվող «Լայֆ» հանգստյան վայրում տեղի է ունեցել վիճաբանություն, որի հետեւանքով կտրող-ծակող գործիքից 4 հոգի ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:

Սեւանի ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ եւ ընթանում է նախաքննություն: «Ազատություն» ռադիոկայանին հաջողվել է ճշտել վիճաբանությանը մասնակցած անձանցից չորսի տվյալները, ովքեր բոլորն էլ Երեւանից են: Նրանք են` 1988թ. ծնված Մանուկ Մեներջյան եւ Համբարձում Եղիազարյան, 1989թ. ծնված Իշխան Ղարագյոզյան եւ 1978թ. ծնված Գոռ Անանյան: Վիճաբանությանը մասնակցել են եւս երկու հոգի, ովքեր, սակայն, բժշկական օգնության չեն դիմել:

20:50-ի շրջակայքում տուժածները տարվել են Սեւանի հիվանդանոց, որտեղ, առաջնային բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Երեւան:

Դանակահարվածների մեկի՝ Գոռ Անանյանի վիճակը գնահատվում է ծանր, նա ստացել է կրծքավանդակի եւ գոտկային հատվածի կտրված վերք:

Դեպքի կապակցությամբ ոստիկանության Սեւանի քննչական բաժնում հարուցված քրեական գործը մոտ է բացահայտմանը: Վիճաբանությունը եղել է կենցաղային. երիտասարդները ալկոհոլի ազդեցության տակ են եղել, եւ մեկը մյուսին «թարս նայելու» պատճառով վիճաբանություն է ծագել:

Երեկ երեկոյան եւ անցած գիշերվա ընթացքում դեպքի կապակցությամբ ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված վերահսկողություն էր սահմանել Երեւան-Սեւան մայրուղու վրա: