Պատերազմը հայտարարություններով չի սկսվում: Այդ մասին հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը՝ մեկնաբանելով վերջին շրջանում Բաքվից հնչող ռազմաշունչ հայտարարությունները: Ինչպես նշել է Հակոբյանը, այդ հայտարարությունները մեծամասամբ ներքաղաքական նպատակներ են հետապնդում:

«Մենք պետք է լսենք այդ հայտարարությունները, ճիշտ եզրակացություններ անենք եւ նախաձեռնենք համապատասխան միջոցառումներ՝ հայտարարությունների իսկությունը ճշտելու նպատակով, ինչի համար մեր պետությունն ու բանակն ունեն համապատասխան կառույցներ»,- հայտարարել է Հակոբյանը՝ ընդգծելով, որ հիմնական խնդիրն է անել այնպես, որ «այդ հայտարարությունները մնան լոկ հայտարարություն»:

ԼՂՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ դեռ Էլչիբեյն էր ասում, որ ոտքերն է լվանալու Սեւանա լճում, բայց այդ հայտարարությանը հետեւեց Աղդամի անկումը:

«Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ պատերազմին, կսկսեր՝ ոչ մեկին չհարցնելով»,- նկատեց նա՝ հավելելով, որ իր համար, որպես պաշտպանության նախարարի, պատերազմը կարող է հենց հիմա էլ սկսվել: Հենց այդ պատճառով էլ առաջավոր գծում մեծ թվով զինվորներ, հերթապահ ստորաբաժանումներ են գտնվում:

Անդրադառնալով փաստին, որ առաջավոր գծերից հետ չեն քաշվել դիպուկահարները, նախարարը նկատեց, որ դա չի արվել այն պատճառով, որ Ադրբեջանը չցանկացավ ստորագրել ԼՂՀ Պաշտպանական բանակի հետ համապատասխան պայմանագիրը:

Հակոբյանը համոզմունք է հայտնել որ հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղությունը պահպանվում է բացառապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանական բանակի շնորհիվ. «դա մեր ամենակարեւոր հաջողությունն է, եւ բանակի մարտունակության բարձրացման միջոցով մենք պետք է մշտապես հարկադրենք հակառակորդին, որ նա մեզ հետ խոսի բանակցությունների սեղանի շուրջ, այլ որչ պատերազմի դաշտում»: