«Արմենթել» ՓԲԸ-ն, որը Հայաստանում ռուսական «Վիպելկոմ» կազմակերպության դուստր ձեռնարկությունն է եւ ծառայություններ է մատուցում Beeline ապրանքային նշանով, ընդլայնել է երրորդ սերնդի կապի ցանցը Հայաստանի խոշոր քաղաքների հաշվին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին կազմակերպության մամուլի ծառայությունից։
Երրորդ սերնդի կապով ծածկված են Հայաստանի մեծությամբ երկրորդ եւ երրորդ քաղաքները՝ Գյումրին եւ Վանաձորը, ինչպես նաեւ Աբովյանը եւ Էջմիածինը։ Բացի այդ, Երեւանում տեղադրվել են կապի տասնյակ օբյեկտներ, իսկ ծավալն ավելացել է ավելի քան երկու անգամ։ Նոր բազային կայանները հայտնվել են Երեւանի բոլոր թաղամասներում, հատկապես այն հատվածներում, որտեղ բաժանորդներն առավել ակտիվ են օգտվում բջջային կապից։
«Անհրաժեշտության դեպքում մեր ընկերությունը հետագայում եւս կմեծացնի երրորդ սերնդի կապի ծավալները այն քաղաքներում, որտեղ հասանելի է այդ տեխնոլոգիան՝ զուգահեռաբար ընդլայնելով տարածման աշխարհագրությունը երկրի այլ մարզերում։ Այսպիսով, 2010 թվականի վերջին, մենք ծրագրում ենք երեք անգամ ավելացնել 3G բազային կայանները»,- «Արմենթելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի խոսքերն է մեջբերում մամուլի ծառայությունը։




























