Հայաստանի քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն հունվարի 14-ին բաց նամակ է հղել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովին` խնդրելով միջնորդել անազատության մեջ գտնվող, ֆրանսահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի համար:
Կոմիտեի՝ դեսպանին հղված նամակում, մասնավորապես, ասված է. ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են որպեսզի Հացպանյանը մինչեւ վերջին կաթիլը ըմպի շինծու գործով իրեն պարտադրված տառապանքների բաժակից` ի վերջո հուսալով կոտրել հանուն Հայաստանի ժողովրդավարացման պայքարելու նրա կամքը: Համոզված ենք, որ անմարդկային այդ գործելաոճը հաջողություն չի բերի, եւ քաղբանտարկյալ Հացպանյանը այս փորձությունից հաղթանակած դուրս կգա":
Կոմիտեն նշել է, թե Սարգսից տեղեկացել են, որ կտրուկ վատացել է նրա հոր առողջական վիճակը, սակայն նրան վերջին հրաժեշտ տալու օրինական հնարավորությունից էլ են զրկում: «Մեր խնդրանքն այն է, որ Դուք, օգտագործելով Ձեր եւ Ձեր երկրի հեղինակությունը, միջնորդեք ՀՀ իշխանությունների առջեւ` քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանին` հորը տեսակցելու նպատակով կարճատեւ արձակուրդ տրամադրելու հարցում»,- ասված է նամակում:
Հիշեցնենք, որ Սարգիս Հացպանյանին ձերբակալել եւ 3,5 տարվա ազատազրկման են դատապարտել սուտ մատնության մեղադրանքով: Նա 2008թ. հոկտեմբերին «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում հայտնել էր, թե իր տեղեկություններով Ռոբերտ Քոչարյանն ու նրա կողմնակիցները մահափորձ են ծրագրում Սերժ Սարգսյանի դեմ:




























