Հայիթիում ուշանում է միջազգային օգնությունը, որը ավերիչ երկրաշարժից տուժած բնակչության շրջանում վրդովմունք ու հիասթափություն է առաջ բերել: Ինչպես հաղորդում է «Ռոյթերզ»-ը Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի մի քանի փողոցներում տեղի բնակիչները, ի նշան բողոքի, դիակներից բարիկադներ են սարքել:
Փրկարարների ժամանումն ու օգնության մատակարարումը Հայիթի դժվարանում է նաեւ այն պատճառով, որ երկրի գլխավոր օդանավակայանի թռիչքուղին վնասված է, չի գործում ինքնաթիռների թռիչքը վերահսկող աշտարակը եւ չի բավականացնում օդանավերի համար նախատեսված վառելիքը: Միջազգային Կարմիր խաչի գնահատմամբ` երեքշաբթի օրը տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը կարող է հասնել 50 հազարի:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կոչ է արել հրավիրել հատուկ միջազգային համաժողով` աղետալի վիճակում հայտնված Հայիթիին օգնություն ցուցաբերելու նպատակով: Սարկոզին հայտարարել է, որ պաշտոնական Փարիզն արդեն իսկ աշխատում է ԱՄՆ-ի, Կանադայի ու Բրազիլիայի հետ` միջազգային դոնորների համաժողով հրավիրելու ուղղությամբ, որը կօգնի վերականգնել երկրաշարժից տուժած Հայիթին:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Հայիթիում տեղի է ունեցել Կարիբյան տարածաշրջանի ողջ պատմության ընթացքում ամենաուժեղ երկրաշարժը: Առաջին ցնցմանը, որը եղել է 7 մագնիտուդի, հետեւել են եւս երկու ցնցումներ 5,9 եւ 5,5 մագնիտուդով: Մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում ավերվել են հազարավոր տներ, փլվել է հիվանդանոցը, տուժել են նաեւ նախագահական նստավայրը եւ առեւտրի նախարարությունը:




























