Լոռիի մարզում շարունակում են ցածր մնալ սեփական եկամուտների հավաքագրումների ցուցանիշները: Չնայած մարզպետ Արթուր Նալբանդյանի՝ բազմիցս կոշտ քննադատություններին ուղղված համայնքների ղեկավարներին, դեռեւս կան համայնքներ, որոնք ամսվա կտրվածքով չեն ապահովում սպասվող հավաքագրման գոնե կեսը: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, վերջին խորհրդակցության ժամանակ մարզպետարանի աշխատակազմի Ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետՍեւակ Հովհաննիսյանի ներկայացմամբ սեփական եկամուտների հավաքագրումը կատարվել է ընդամենը 33, իսկ գույքահարկի հավաքագրումը՝ 40 տոկոսով:
Առավել վատ է կատարվում հողի հարկի հավաքագրումը՝ նախորդ տարվա համեմատ՝ 23 տոկոս:
Մարզպետ Արթուր Նալբանդյանը իր հերթին մեկ անգամ եւս պահանջեց լուրջ մոտենալ հավաքագրումներին, իսկ փոխմարզպետներին հիշեցեց, որ սեփական եկամուտների վատ հավաքագրման համար անմիջական պատասխանատվությունը իրենք են կրելու: «Եթե խոսքը գնում է հողի հարկի մասին, ժողովուրդը չի կարող դժգոհել, քանի որ գոնե այս տարի գյուղատնտեսության բնագավառոմ բերքատվությունը բարձր էր»,- ասաց նա:
Նշենք, որ նախորդ շաբաթ այս առումով աշխատանքային խմբերն այցելել են համայնքներ ու տեղում պարզել հավաքագրումների վատ ցուցանիշների պատճառները, որի արդյունքները առաջիկայում կներկայացվեն մարզպետին:



























