Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայիթիի Նախագահ Ռենե Գարսիա Պրեւալին` այդ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որը բազում ավերածությունների եւ մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարը նշել է, որ Հայաստանը պատրաստ է իր օգնությունը ցուցաբերելու տուժածներին:
Հիշեցնենք, որ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայիթի է ուղարկելու փրկարարական ջոկատ 50 հոգուց բաղկացած, օգնություն ցուցաբերելու նպատակով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր ԱԻՆ մամուլի ծառայության ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը:
Գրիգորյանի խոսքով, ջոկատը շուտով կուղեւորվի Մոսկվա, այնտեղից էլ Հայիթի: Հիշեցնենք, որ Կարիբյան ավազանի համար ուժեղագույն երկրաշարժը տեղի է ունեցել երեքշաբթի՝ հունվարի 12-ին: 7 մագնիտուդով առաջին ցնցմանը հետեւել են եւս երկուսը՝ 5,9 եւ 5,5 ուժգնությամբ: Երկրաշարժի զոհերի թիվը հասնում է տասնյակ հազարների: Ամբողջությամբ ավերվել է մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսը:




























