Պետությունը տնտեսական բոլոր համակարգերում հանդիսանում է խոշորագույն գնորդը, ինչն էլ հենց կոռուպցիոն ռիսկերի առաջացման առաջին նախապայմանն է: Հայաստանի պետբյուջեից միայն 2012 թ. նախատեսվում է իրականացնել մոտ 500 մլրդ դրամի (մոտ 1.2 մլրդ դոլար) գնումներ` ապրանքներ, ծառայություններ, շինարարական աշխատանքներ: Սա ավելին է, քան արտահանման ծավալը:

Հետեւաբար` պետգնումները էական դեր են խաղում ողջ տնտեսական համակարգի համար, ազդում են գնային կամ մրցակցային միջավայրի վրա, կարող են կիրառվել որպես տեղական արտադրությունը խթանելու միջոց: Սակայն, որքան տեղյակ ենք, պետական գնումների քաղաքականության ռազմավարական ծրագիր Հայաստանում գոյություն չունի: Մենք գտնվում ենք մի փուլում, երբ առաջնահերթն ընթացակարգերը կարգի բերելն է:

Չի կարելի ասել, թե կառավարությունը մինչ այսօր ոչինչ չի արել: Օրինակ` փոխվել է պետական գնումների մասին օրենքը, ըստ որի` գնումների հիմնական պատվիրատուն դարձել են նախարարությունները (նախկինում գնումները իրականացվում էին կենտրոնացված կարգով` պետգնումների գործակալության կողմից): Բացի այդ` սկսած 2012 թ. փուլայնորեն ներդրվում է գնումների կազմակերպման էլեկտրոնային մեթոդը: Սակայն այս փոփոխություններից սպասելիքներն ակնհայտորեն ավելի մեծ էին:

Հայաստանի մրցակցային դաշտը կարգավորող մարմինը` Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշ ուշացումով սկսեց ուսումնասիրել պետգնումների ոլորտում տիրող վիճակը: Արդեն այս տարվա սկզբում հրապարակվեցին բուժհիմնարկների կողմից իրականացված գնումների վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները: Բացահայտումներն ապշեցուցիչ էին` գործնականում գնումների կազմակերպման մրցութային մեխանիզմը չի գործում:

Սեպտեմբերի 15-ին արդեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությունում խորհրդակցություն հրավիրեց ու խստորեն քննադատեց գնումների կազմակերպման գործընթացը: Դրան հետեւեցին որոշ կադրային փոփոխություններ գնումների աջակցման կենտրոնում, իսկ ՏՄՊՊՀ-ն հրապարակեց մեկ այլ ոլորտում` մանկապարտեզներում պետգնումների ուսումնասիրման արդյունքները:

Թվում էր` գոնե երեխաների հարցում ամեն ինչ նորմալ կլինի, բայց այդպես չէ: Երեխաներ սիրող ազգի համբավ ունենք, բայց մանկապարտեզները բարձիթողի վիճակում են: Զարմանալիորեն` չկա որեւէ իրավական նորմ, որը հստակ սահմանի մանկապարտեզներում թույլատրելի եւ անթույլատրելի սննդամթերքի ցանկը: Այստեղից էլ օգտվում են պղտոր ջրում ձուկ բռնելու սիրահարները` երեխաներին մատակարարելով բաստուրմա, պղպեղ, սուրճ եւ նման բաներ: Չենք զարմանա, եթե կեղծված օղի էլ հայտնաբերվի: Հուսով ենք` ՏՄՊՊՀ-ի բացահայտումից հետո համապատասխան մարմինները գոնե այս նորմատիվ բացը կլրացնեն:

Զարմանալիորեն` ի հայտ է եկել մեկ այլ խնդիր, որ կարծես թե չպետք է լիներ` սերտիֆիկացման անհամապատասխանությունը: Սա կարեւոր է կարագի կամ սփրեդի տարբերությունը հասկանալու համար: Այսինքն` կարագ կամ սփրեդ մատակարարելիս մատակարարը պետք է ներկայացնի նաեւ համապատասխանության սերտիֆիկատ: Բայց նրանք հիմնականում ներկայացնում են միեւնուն սերտիֆիկատները: Ստացվում է` ցանկացած տնտեսվարող տոնավաճառից ձեռք բերվող անհայտ ծագման ապրանքի համար կարող է ձեռք բերել ցանկացած այլ ընկերության համապատասխանության սերտիֆիկատի պատճե, ու այն ներկայացնել վերահսկող մարմնին: Բացի այդ` սերտիֆիկատները պարունակում են ընդհանուր բնույթի տեղեկատվություն, տրվումեն 3 տարի ժամկետով և դրանց մեջ չեն նշվում կոնկրետ ապրանքների խմբաքանակները: Այսինքն` այդ սերտիֆիկատներով հնարավոր չէ իդենտիֆիկացնել տվյալ ապրանքը:

Ըստ տնտեսվարողներից ստացված տեղեկատվության` գործում է սերտիֆիկատ ձեռք բերելու հետեւյալ մեխանիզմը: Տնտեսվարողը դիմում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ստանդարտների ազգային ինստիտուտ` ստանալու ասենք «կարագ» ապրանքի համապատասխանության սերտիֆիկատ: Այն տրվում է 3 տարով, ու այդ ընթացքում տնտեսվարողը այդ սերտիֆիկատով գնում եւ վաճառում է ոչ միայն կարագ, այլեւ սփրեդ կամ մարգարին: Դա էլ բավական չէ` սերտիֆիկատի պատճեն տրամադրում են իրենց ծանոթ գործարարներին: Այս ամենը թվում է թե աբսուրդի ոլորտից է, սակայն, ցավոք, մեր իրականությունն է:

Սամվել Ավագյան