Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարող գնալ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման, քանի որ լուրջ խնդիրներ կունենա ընդդիմության, զինվորականության եւ պրոադրբեջանական շրջանակների հետ: Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերույթունների ներկա վիճակը, նշեց, որ ֆուտբոլային դիվանագիտության արդյունքներն այդպես էլ չեն ուրվագծվում, իսկ թուրքական բարձրաստիճան պաշտոնյաները հարաբերությունների կարգավորումը կապում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: «Ճիշտ է՝ ֆորմալ առումով այս հարցը Ղարաբաղի հետ կապված չէ, բացը արդեն իսկ միջազգային հարաբերություններում մտավ այն թեզը, որ հայ-թուրքական հարաբերություններում յուրաքանչյուր քայլ պետք է զուգորդվի ղարաբաղյան կարգավորման գործընթացում համարժեք քայլով, այլապես ոչինչ չի ստացվի»,- պարզաբանեց փորձագետը եւ հավելեց, որ եթե ինչ-որ առաջընթաց էլ լինի, կարող է լինել միայն արտաքին, մասնավորապես ԱՄն կողմից ճնշման արդյունքում: «Ընդ որում, Հայաստանին այս պարագայում ճնշելու իմաստ չկա: Հայաստանը այսօր „ամեն ինչի պատրաստ“ երկիր է եւ հարցը Թուրքիայի մեջ է»,- ասաց Մեհրաբյանը՝ մանրամասնելով, որ դժվարությունները կապված են Թուրքիայի ներքաղաքական խնդիրների հետ. «Էրդողանը չի կարող գնալ այնպիսի քայլերի, որ հետո շահարկման հարց դառնա քեմալական ընդդիմության, զինվորականության եւ պորադրբեջանական շրջանակների կողմից: Եւ նա դա շատ լավ է հասկանում՝ անկախ իր մոտիվներից»: