Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է ուղարկել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությանը՝ Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկու կատարած այն հայտարարության պատճառով, թե Մոսկվան պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը։

«Интерфакс»-ը, վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի պատասխանատու Էլհան Փոլուխովին, հաղորդում է, որ լատվիական «Neatkarigas Rita Avize» պարբերականին տված հարցազրույցում Ժիրինովսկին կոչ է անում ճանաչել «հայերի կողմից բռնազավթված Ադրբեջանի տարածքները»։

«Նամակում բողոք ենք հայտնում Ռուսաստանի խորհրդարանի փոխխոսնակի դեմ՝ նման հայտարարությունների համար, եւ նշում, որ Պետդումայի ներկայացուցչի կատարած հայտարարությունը չի համապատասխանում մեր երկրների միջեւ եղած հարաբերություններին տառին ու ոգուն»,-հայտարարել է Պոլուխովը։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Ժիրինովսկին լատվիական Neatkarigas Rita Avize պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Եթե Լեռնային Ղարաբաղն ինքը հայտարարի իր անկախության մասին, ապա Ռուսաստանը պետք է ճանաչի այն։ Ես ոչ հայերին եմ դեմ, ոչ էլ ադրբեջանցիներին, բայց նրանք երբեք համաձայնության չեն գա ղարաբաղյան հակամարտության շուրջ, այնպես, ինչպես համաձայնության չեն գա վրացիները եւ աբխազները, արաբները եւ հրեաները, քրդերը եւ թուրքերը», ասել է Ժիրինովսկին՝ հավելելով, որ Ռուսաստանը 16 տարի է կոչ է անում ճանաչել Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի անկախությունը։