Քաղաքագետները կանխատեսում են, որ Ուկրաինայում հունվարի 17-ին կայանալիք նախագահական ընտրություններում հիմնական պայքարը ծավալվելու է երկրորդ փուլում, որի ժամանակ կարձանագրվի ընտրակեղծիքների աճ: «Բաց քաղաքականություն» վերլուծական կենտրոնի ղեկավար Իգոր Ժդանովը նշել է, որ «առավել ստեղծագործական գովազդային արշավ» կազմակերպել էր Յուլիա Տիմոշենկոյի շտաբը: Նրա խոսքով, հիմնական պայքարն ընթանալու է Տարածաշրջանների կուսակցության առաջնորդ Վիկտոր Յանուկովիչի եւ վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի միջեւ: «Կարեւորն այն է, թե ձայների ինչ տարբերություն կգրանցվի առաջին փուլում նրանց ստացած քվեների միջեւ: Եթե այդ տարբերությունը 10 տոկոսից քիչ լինի, ապա կարելի է ասել, որ Տիմոշենկոյի հաղթանակի հնարավորությունը կմեծանա: Իսկ եթե այդ տարբերությունը շատ լինի 10 տոկոսից, ապա ավելի մեծ կլինի Յանուկովիչի հաղթանակի հնարավորությունը»,- ասել է նա ու հավելել. «Առաջին եւ երկրորդ փուլերի միջեւ ընկած ժամանակահատվածում մենք ականատես կլինենք շատ դաժան, ագրեսիվ, դինամիկ պայքարի»:

Նշվում է, որ այդ ընթացքում կուժգնանան նախկին քրեական գործերի, հին ու նոր կոմպրոմատների շուրջ խոսակցությունները:

«Ուկրաինական բարոմետր» սոցիոլոգիական ծառայության տնօրեն Վիկտոր Նեբոժենկոն էլ կարծիք է հայտնել, որ Յանուկովիչի ընտրազանգվածը սպառել է իրեն, եւ Տիմոշենկոն ավելի մեծ շանսեր ունի երկրորդ փուլում հաղթելու համար: «Չնայած „Ստալինգրադի ճակատամարտը“ ծավալվելու է ոչ միայն թեկնածուների շտաբների, այլ նաեւ դատարանների, մայդանների եւ ուժայինների միջեւ»,- ասել է նա: