Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանը հայտարարել է, որ առանց հայ-ադրբեջանական հարաբերությունների հասունացման՝ ստորագրված հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունները խորհրդարանի օրակարգ չեն մտնի։

Թուրքական Turkishny կայքէջի փոխանցմամբ՝ Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նշել է. «Եթե Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը արձանագրությունները ընդգրկի օրակարգ՝ այդ ժամանակ կլինի Թուրքիայից մեկ քայլ առաջ։ Ներկա պահին մենք նույն իրավիճակում ենք։

Մենք բոլորս ցանկանում ենք, որ արձանագրությունները մտնեն թուրքական խորհրդարանի հանձնաժողով։ Մենք էլ ենք ցանկանում, որ երկու երկրների հարաբերությունները կարգավորվեն։ Թուրք ազգը շատ զգայուն է Ադրբեջան-Հայաստան խնդիրների կարգավորման խնդրին եւ այդ խնդրի լուծման պարագայում՝ Թուրքիայում արձանագրությունների վավերացման գործընթացը կհեշտանա։

Ես որպես հանձնաժողովի նախագահ կարող եմ արձանագրությունները մտցնել հանձաժողովի օրակարգ, սակայն եթե մերժվի առաջանում են լուրջ անհարթություններ։ Այնուհետ պետք է մերժված արձանագրությունները հետ ուղարկել կառավարություն, այնտեղ կրկին քննարկվի եւ նորից հետ ուղարկվի մեր հանձնաժողով։ Իմ նպատակն է, որ նման զարգացում չլինի եւ Ադրբեջան-Հայաստան հակամարտության լուծման խնդրում կարեւոր քայլեր արվեն։ Եթե այդ քայլերը չարվեն՝ իմ կարծիքով արձանագրությունները օրակարգ բերելը ճիշտ չի լինի։

Շատ մեծ է հավանակությունը, որ հանձնաժողովում կմերժվեն արձանագրությունները։ Ինչո՞ւ այդքան կատարված աշխատանքը ջուրը գցենք։ Մի քիչ սպասենք, մինչեւ Ադրբեջան-Հայաստան հակամարտության կարգավորումը մի քիչ հասունանա՝ դրանից հետո ստորագրված արձանագրությունները կվերցնենք օրակարգ»,-նշել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանը։