Freedom House հայտնի իրավապաշտպան կազմակերպությունը իր «Աշխարհի ազատության քարտեզ»-ում փոփոխություն է կատարել: Եթե 2009 թվականի իր քարտեզում Լեռնային Ղարաբաղը ներկայացված էր որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «վիճելի տարածք», ապա այս տարի այն արդեն ներկայացվում է որպես Ադրբեջանի տարածք: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այդ փոփոխությունը տեղի է ունեցել իրենց բազմաթիվ բողոքների արդյունքում:

Սակայն, խնդիրը նրանումն է, որ նույն Freedom House-ը այս տարվա իր «Ազատությունն աշխարհում» ամենամյա զեկույցում Լեռնային Ղարաբաղը համարել է «մասնակիորեն ազատ», այնինչ Ադրբեջանը «ոչ ազատ» երկրների շարքում է: Սա ցույց է տալիս, որ թեեւ իրավապաշտպան այդ կազմակերպությունը փոփոխել է իր ներկայացրած քարտեզը, սակայն այդուհանդերձ ԼՂՀ-ն ներկայացվել է որպես առանձին միավոր, որը շատ ավելի մոտ է Հայաստանին, քան Ադրբեջանին: Նկատենք, որ սա նաեւ լավագույն պատասխանն է ադրբեջանական քարոզչամիջոցների վայնասունին, թե իբր ԼՂ-ն ահաբեկիչների թաքստոց է ու թմրամիջոցների տարանցման վայր:

Նշենք, որ Հայաստանը նույնպես «մասամբ ազատ» երկրների շարքում է, թեեւ իր բացասական ցուցանիշներով գտնվում է «ոչ ազատ» դառնալու սահմանգծին: