Կառավարության անդամները այսուհետ ՀՀ կառավարության նիստին հաշվետվություն են ներկայացնելու իրենց գերատեսչությունների ներքո գտնվող կազմակերպությունների հարկային պարտավորությունների վերաբերյալ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Առաջին հաշվետվությունը ներկայացնելու է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, այնուհետ՝ տրանսպորտի եւ կապի նախարարությունն ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը:

Հաշվետվությունները պետք է ներառեն տվյալներ ինչպես հարկային պարտավորությունների, այնպես էլ տվյալ գերատեսչության պատասխանատվության ոլորտի տնտեսական աճի պոտենցիալի մասին:

Տ. Սարգսյանը հայտարարեց, որ հարկային պարտավորությունների կատարման համար պատասխանատու է ոչ միայն պետեկամուտների կոմիտեն, այլ կառավարության բոլոր անդամները: Այդ պատճառով պետք է բացառվեն ցանկացած տեսակի միջամտությունները հարկային մարմինների աշխատանքին: Տ. Սարգսյանը խոստացավ անձնական վերահսկողություն սահմանել այս խնդրի նկատմամբ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությունում հրավիրված խորհրդակցությունում հայտարարել է, որ պետք է բացառվեն հարկային մարմինների աշխատանքին պաշտոնյաների ցանկացած միջամտությունները: