Անցած 10 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետություն են եկել մոտ 5000 սիրիահայեր: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նախարարը ներկայացնում էր «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ, որով առաջարկվում է սիրիահայերին ազատել մուտքի արտոնագրի վճարից; Հիմնականում սիրիահայերը հայաստան մուտք են գործել կարճ ժամանակահատվածի ակնկալիքով (21 օրից մինչեւ 2 ամիս), եւ իրենց մուտքի վիզաներն այդպես էլ ձեւակերպել են:
Սիրիայում ստեղծված իրավիճակի հետեւանքով սիրիահայերի մեծ մասը չի պատրաստվում վերադառնալ, ուստի վիզաները պետք է երկարաձգվեն: Ըստ գործող օրենքի՝ յուրաքանչյուր օր վիզայի երկարաձգումն արժե 500 դրամ, իսկ եթե 10 ամիս են ցանկանում մնալ՝ պետք է վճարեն 150 հազ. դրամ: Մեկ ընտանիքի դեպքում դա միջինը 600 հազ. դրամ է (4 անձի համար):
Նույնը վերաբերում է կացության կարգավիճակի փաստաթղթի երկարաձգմանը, որի պետական տուրքը 105-150 հազ. դրամ է;
Առաջարկվում է ծագումով հայ մարդկանց համար ամբողջությամբ զեղջել մուտքի արտոնագրի ու այլ փաստաթղթերի լրացման վճարները, եթե այդ հայերի մշտական բնակության երկրում նրանց կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում:





























