Այսօր՝ հունվարի 18-ի առավոտյան Շիրակի մարզի անհատ տաքսիների վարորդները հավաք են սկսել Գյումրու Մայր Հայաստանի հուշահամալիրի տարածքում: Հավաքի ընթացքում տաքսիստները ստորագրահավաք են կազմակերպել ՀՀ պետական եւ տեղական իշխանություններին ուղղված դիմում-բողոքի համար, որին միացել են 824 հոգի: Ժամը 11-ին մոտ 500 անհատ տաքսիներից բաղկացած ավտոշարասյունը անցել է Գյումրու Կարսի խճուղով, Օզանյան, Շիրակացի, Ալեք Մանուկյան, Նժդեհի փողոցներով եւ բողոք-դիմումի մեկական օրինակ հանձնել Գյումրու քաղաքապետարան եւ Շիրակի մարզպետարան:

ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանին, վարչապետին, ՄԻՊ-ին, Ազգային ժողովի նախագահին, Գյումրիից ընտրված պատգամավորներին եւ պետական այլ պաշտոնյաների հղած դիմումում տաքսիստները նշել են, որ իրենց համար անընդունելի են մշակված եւ ընդունված այն օրենսդրական նորմերը, որոնցով փորձում են կարգավորել անհատ տաքսի ծառայությունների աշխատանքը:

Ըստ տաքսիստների՝ դեղին համարանիշների առկայությունը կաշկանդում է ցանկացած անհատ տաքսու տեղաշարժման ազատությունը:

«Փաստորեն, մեր համոզմամբ, ստացվում է, որ հայրենի իշխանությունները փոխանակ մեր հոգսերը հոգան, այս գործողություններով մեզ մղում են աղքատության եւ արտագաղթի»,- նշել են տաքսիստներն ու պահանջել չեղյալ հայտարարել է օրենսդրական փոփոխությունները՝ դրա դիմաց առաջարկելով պետական կամ համայնքային բյուջե ամսական վճարել 2000-2500 դրամ:

«Պարտավոր ենք ձեզ տեղեկացնել, որ մենք մեր շահերի եւ սահմանադրական իրավունքների պաշտպանության համար պայքարելու ենք վճռականորեն, չենք չիջելու, որովհետեւ զիջելու եւ կորցնելու այլեւս ոչինչ չունենք, ժողովներ, երթեր եւ հանրահավաքներ ենք կազմակերպելու, դիմելու ենք հասարակության օժանդակությանը, այս խնդրի լուծման համար դիմելու ենք միջազգային հանրությանը, օտար երկրների իշխանություններին՝ արտագաղթի եւ աշխատանք ճարելու համար, ապաստան ենք խնդրելու բոլոր հնարավոր երկրներից, իսկ ծայրահեղ դեպքում` Թուրքիայից»,- ամփոփել են տաքսու վարորդները: