Պետական եկամուտների կոմիտեն Ամանորին իր աշխատակիցներին պարգեւատրել է ժամացույցներով, ընդ որում՝ յուրաքանչյուրը 1 միլիոն դրամ արժողությամբ:

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հետաքննության տվյալներով՝ անցած տարվա դեկտեմբերի կեսին ՀՀ կառավարությանն առնթեր պետական եկամուտների կոմիտեն իր լավագույն 20 աշխատակիցների խրախուսել է միլիոնանոց ժամացույցներով:

«Ըստ ՀՀ ՊԵԿ աշխատակազմի ղեկավար Ա.Սեդրակյանի կազմած 2009 թ. դեկտեմբերի 18-ի` մեկ անձից գնման ընթացակարգի արձանագրության, ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն „Տերմինալ Պահեստ“ ՍՊԸ-ից ձեռք է բերել 20 հատ Breitling տեսակի ժամացույց»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՊԵԿ-ը թանկարժեք ժամացույցները գնել է մեկ անձից, ինչը կարգի խախտում է: «Ամանoրյա նվերները ձեռք բերելու անհրաժեշտությունից ելնելով, մինչեւ դեկտեմբերի 29-ը առաջացել է վերոհիշյալ ապրանքների գնման պահանջ, ինչով պայմանավորված` 03.12.2009թ. փոփոխություն է կատարվել ՀՀ ԿԱ ՊԵԿ նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի նախահաշվում եւ այդ միջոցներից ամանօրյա նվերների ձեռքբերման նպատակով հատկացվել է 21միլիոն 261 հազար դրամ, ինչպես նաեւ առկա է ՀՀ ֆինանսների նախարարության համաձայնությունը, որպեսզի գնումները իրականացվեն հրատապության հիմքով պայմանավորված՝ մեկ անձից գնման ձեւով: Հաշվի առնելով ամանօրյա նվերների ձեռքբերման նպատակով գնման այլ ձեւերի կիրառման ժամկետայնության հանգամանքը, գնման գործընթացը կազմակերպվել է մեկ անձից գնման ձեւով»,- նկատել են ակումբի պատասխանատուները: