Երկու օր անց լուսանկարում այս պատկերված ձուն կդառնա երազանքի նախաճաշ՝ մեկ օրվա թարմության: Մինչ այդ խնամքով պահենք սառնարանում եւ սպասենք հոկտեմբերի 12-ին:

Հավկիթի թարմությունը պահպանելու այս ինովացիոն եղանակը առաքիչներն առաջարկել էին Երեւանի փոքր կրպակատերերից մեկին, ով չցանկացավ հրապարակել իր անունը: Խմբաքանակն առաջարկել էին դեռ հոկտեմբերի 5-ին: Հրաժարվելով դրանից՝ նա ձեռք է բերել ընդամենը մեկ տուփ, որը եւ ներկայացրել է Հայաստանի սպառողների ասոցիացիային:

«Արաքս» թռչնաֆաբրիկայի վաճառքների բաժնում, իրենց հերթին, նշեցին, որ ձվի մակնշումը կարող էր եւ կեղծված լինել. իրենց պահեստում նման «հեռատես» մակնշմամբ արտադրանք չկա:

Սննդի անվտանգության պետական ծառայությունում ահազանգին չշտապեցին ընթացք տալ, նույնիսկ իրեղեն ապացույցով հանդերձ՝ նշելով, որ ահազանգողը պետք է ներկայանա: Ողջամտությունը հասկանալի է. միգուցե, որեւէ մեկը անհայտ ծագման հավկիթը փորձում է կեղծել:

Իսկ ի՞նչ է դրա համար անհրաժեշտ: Կարմիր գուաշ եւ Ֆաբերժեի ձի՞րք: Պարզվում է՝ ոչ: Մեր կողմից հարցված արտադրության մասնագետները միակարծիք էին՝ գործարանային դրոշմը կեղծելը տան պայմաններում հնարավոր չէ: Այսինքն՝ կամ կուլիսների հետեւում մեկ այլ արտադրող է կանգնած, կամ…

Երկու օրից ռիսկի կդիմենք եւ ձվածեղ կպատրաստենք: Միգուցե, իրոք չգնահատված ինովացիա է:

Արամ Գարեգինյան