Բելգիայի երիտասարդ քաղաքական գործիչները պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին: Նրանք նամակ են հղել Բելգիայում Հայաստանի դեսպանատուն եւ նշել. «Մենք` եվրոպաբնակ ներքոստորագրյալներս, մեր խորը մտահոգությունն ենք հայտնում վերջին ամիսներին ՀՀ իշխանությունների կողմից ընդդիմադիր երիտասարդության դեմ իրականացվող ապօրինությունների վերաբերյալ: Դրա գագաթնակետը եղավ Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ձերբակալությունը: Շինծու մեղադրանքներ առաջ քաշելը, երբ տուժածը հանկարծ վերածվում է կասկածյալի, ապա` մեղադրյալի, բնորոշ է „երրորդ աշխարհի“ ամենահետամնաց երկրներին: Ցավոք, հատկապես վերջին տարիներին, Հայաստանի Հանրապետության իշխանություններն ամեն ինչ անում են այդ երկրներից հետ չմնալու համար: Մենք խստագույնս դատապարտում ենք ՀՀ իշխանությունների ապօրինի քայլերը, պահանջում ենք ՀՀ իշխանություններից անմիջապես դադարեցնել ընդդիմադիր երիտասարդ ակտիվիստների նկատմամբ բռնությունները, այլապես այս խնդիրը ստիպված կլինենք բարձրացնել եվրոպական ամենաբարձր ատյաններում, ինչը, վստահ ենք, Հայաստանում հաստատված ապօրինի ռեժիմին ամենևին ձեռնտու չէ»:

Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը հուլիսի 1-ին մի խումբ երիտասրադների հետ դաժան ծեծի էր ենթարկվել ոստիկանների կողմից՝ հանրահավաքի թռուցիկները բաժանելու ժամանակ, եւ տեղափոխվել հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Դրանից հետո նրա դեմ քրեական գործ էր հարուցվել ոստիկանների նկատմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով եւ Տիգրանը ձերբակալվել էր: