«Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների Մոսկովյան հանդիպման մեջ որեւէ վտանգ չեմ տեսնում եւ չեմ կարծում, որ որեւէ համաձայնագիր կարող էր ստորագրվել: Այդ հանդիպումը բացահայտեց, որ նորացված ճնշում կար ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի կողմից ԼՂ հարցի լուծման գործընթացում»,- այսօր նման տեսակետով հանդես եկավ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը, հավելելով, որ իր կարծիքով այդ ճնշումն ավելի շատ վերաբերում էր հայ-թուրքական հարաբերություններին, քան ԼՂ խնդրին: Այսնինքն, ըստ նրա, մադրիդյան սկզբունքների վերաբերյալ որեւէ փաստաթղթի ստորագրման կարիքը ամենից շատ ունի Թուրքիան, որն առիթ է փնտրում, հայտարարելու համար, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման խնդրում կա առաջընթաց: Թուրքիան առիթ է փնտրում հայ-թուրքական սահմանը մինչեւ հոկտմբեր բացելու համար եւ միջազգային հանրությունը, կարծես, նույնպես այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում:
Ինչ վերաբերում է կոնկրետ ԼՂ խնդրի լուծման հարցւմ արտաքին ճնշմանը, ապա Ռ. Կիրակոսյանը հայտարարեց. «Ոչ մի արտաքին ճնշում չի կարող ստիպել կողմերին փաստաթուղթ ստորագրել եւ չի կարող ապահովել ԼՂ անվտանգությունը: Այնպես որ, ճնշումները, անգամ Հայաստանի կողմից, չեն կարող լուծել ԼՂ խնդիրը: Միակ լուծման ճանապարհը ԼՂ-ն բանակցությունների հավասար կողմ դառնալն է: Ոչ մի խնդիր աշխարհում չի լուծվել առանց կոնֆլիկտի հիմնական կղմի մասնակցության: Հայաստանը չպետք է բանակցություններում ներկայացնի ժողովրդավարական ընտրված ԼՂՀ իշխանություններին, որովհետեւ այդ երկու պետությունների շահերը միշտ չէ, որ նույնն են»:



























