«Թուրքիան չգիտի, թե ինչ է ուզում»,- մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը, այսօր կարծիք հայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը, հավելելով, որ այդ հարցում Թուրքիան թերագնահատեց Ադրբեջանի ռեակցիան: Նրա խոսքով, եթե անգամ սահմանը չբացվի էլ, այն արդեն մասամբ բացվել է Գյուլի Երեւան այցելությամբ, ինչպես նաեւ թուրք գիտնականների Հայաստան այցելությամբ, որոնք թե Երեւանում, թե հատկապես Թուրքիայում լուրջ քննարկումներ են ծավալել հայերի ցեղասպանության թեմայի շուրջ:

Ռ. Կիրակոսյանի համոզմամբ, ցեղասպանության թեման արծարծելու հիմնական ասպարեզը Թուրքիայում է, ոչ թե Վաշինգթոնում կամ Բրյուսելում: «Այդ հարցի վերաբերյալ մոտեցումից կերեւա, Թուրքիան կդառնա՞ նորմալ երկիր, թե` ոչ: Սա Թուրքիայի համար ոչ թե անցյալի, այլ ապագայի հարց է, որը կպատասխանի հարցին. թե ինչպիսի՞ Թուրքիա կունենան նրանք»,- նշեց քաղաքագետն ու կանխատեսեց, որ Սերժ Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերին կայցելի Թուրքիա ֆուտբոլային խաղը դիտելու, եւ եթե մինչ այդ Թուրքիան որոշակի քայլեր չանի Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ, միջազգային ճնշումներն ուղղվելու են հենց Թուրքիայի ուղղությամբ:

Դիտարկմանը, թե Թուրքիան բազմաթիվ անգամ հայտարարել է, որ չի բացի սահմանը, քանի դեռ լուծված չէ ԼՂ խնդիրը, Ռ. Կիրակոսյանն արձագանքեց. «Թուրքիայի նախագահն ու վարչապետը այդ հարցում խաղում են լավ եւ վատ ոստիկանների դերերը եւ դրա հիմնական հասցեատերը Հայաստանն է: Թուրքիան դրանով փորձում է ուժեղացնել Ալիեւի դիրքերը»: Նա նաեւ հավելեց, որ դրանով հանդերձ, Թուրքիան մյուս կողմից ձգտում է առաջընթաց արձանագրել հայ-թուրքական հարաբերություններում եւ դա է պատճառը, որ ինքը կարծում է, թե Թուրքիան դեռ չգիտի, թե ինչ է ուզում: