Երեւանում մեկնարկել է հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ ֆորումը, որն այս տարի անցկացվում է «Հայաստան եւ Ռուսաստան. միջտարածաշրջանային երկխոսություն 2012» խորագրով: Ֆորումի բացմանը ներկա են եղել վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայ-ռուսական  տնտեսական միջակառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը եւ այլք:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե վարչապետը, ողջունելով ֆորումի մասնակիցներին, հույս է հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների միջեւ տնտեսական եւ հումանիտար կապերի զարգացմանն ու նոր նախաձեռնությունների մշակմանը:

«Հայաստանի եւ Ռուսաստանի փոխհարաբերությունները կրում են ռազմավարական գործընկերային բնույթ: Քաղաքական եւ տնտեսական երկխոսություն է հաստատվել պետական կառավարման բոլոր մակարդակներում: Այսօր եկել է ավելի սերտ միջտարաշարջանային համագործակցության ժամանակը:

Մեր ֆորումի թեման է միջտարածաշրջանային երկխոսությունը: Կարծում եմ, որ միմյանցից սվորելու որոշ բաներ ունենք: Մեր երկրների տարաշրջանային իշխանությունների երկխոսությունը կարող է առաջարկել այն մեխանիզմները, որոնք կնպաստեն շրջանների զարգացմանը: Մենք պետք է մտածենք միջտարաշարջանային համագործակցության զարգացման մի շարք հատվածների ուղղությամբ: Պետք է ոչ միայն պահպանենք, այլեւ ամրապնդենք երկկողմ տեղեկատվական տարածությունը, դիտարկենք երկու երկրների տարածաշրջանային շուկաների առաջարկի եւ պահանջարկի տվյալների բազայի ստեղծումը՝ համապատասխան բիզնես առաջարկների  եւ ծրագրերի ներկայացմամբ»,- ասել է վարչապետը: 

Կառավարության ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է իրականացնել նաեւ մշտական դիտարկում շուկաներում առկա իրավիճակի  վերաբերյալ եւ տվյալ ժամանակահատվածի համար ներկայացնել համապատասխան առաջարկություններ՝ նվազագույնի հասցնելու բյուրոկրատական, նյութատեխնիկական եւ վարչական ռիսկերը, որոնք բխում են միջտարածաշրջանային համագործակցությունից:

Վարչապետը հիշեցրել է, որ հոկտեմբերի 12-ին հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրվել է մինչեւ 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագիրը: «Սա համակարգային փաստաթուղթ է, որում առկա են երկկողմ առեւտրաշրջանառության եւ ներդրումային ծրագրերի հավակնոտ աճի տեմպեր, բացահայտվել են երկկողմ տնտեսական համագործակցության բոլոր ուղղությունները: Գտնում եմ, որ միջոցառումների մշակման եւ իրականացման  գործում տարածաշրջանները պետք է ունենան ակտիվ մասնակցություն, ինչը կարող է լավ հարթակ հանդիսանալ հետագա երկխոսության համար: Մենք պետք է մեր երկխոսությունը հասցնենք պրակտիկ գործողությունների, ինչի արդյունքում անպայման կհասնենք այնպիսի արդյունքների, որոնք այդքան անհրաժեշտ են մեր քաղաքացիներին»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Խոսելով տարածքային համաչափ զարգացման վերաբերյալ՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ Հայաստանի կառավարության առաջնայնություններից մեկը տարածաշրջանային ենթակառուցվածքների՝ ճանապարհների, ջրամատակարարման համակարգերի, լոգիստիկ եւ կրթական կենտրոնների  զարգացումն է: «Մենք  ջանքեր ենք գործադրում, որպեսզի կյանքի որակը գյուղերում չզիջի քաղաքային պայմաններին: Այդ նպատակով սկսել ենք հստակ ծրագրերի իրականացում՝ տարածաշրջանային զարգացման կենտրոնների ստեղծման ուղղությամբ: Գյումրիում ստեղծվում է Տեխնոպարկ, որին կհաջորդի Վանաձորը, Դիլիջանում կառուցվում է ֆինանսական եւ կրթական կենտրոն:

Մեր շրջաններն ունեն զբոսաշրջության զարգացման չօգտագործված հսկայական ներուժ: Հայաստանի խորհրդային ժամանակաշրջանների առողջարաններն աստիճանաբար վերածվում են լուրջ զբոսաշրջային կենտրոնների, որոնք պատրաստ են ընդունել Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներին»,- ասել է վարչապետը:     

Կառավարության ղեկավարի կարծիքով՝ տարածաշրջանների տրանսպորտային հաղորդակցության ապահովումը պահանջում է ամենօրյա ուշադրություն, քանի որ այն միացնում է երկու երկրները, ստեղծում լավագույն հնարավորություններն ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների համար: Բացի այդ, Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել նաեւ երկու երկրների առեւտրաարդյունաբերական պալատների ներուժի լիաժեք օգտագործումը: «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ զարգացումը նոր կապերի հաստատումն է: Մենք պետք է անցնենք զարգացման ճանապարհ՝ մեր տարածաշրջանների միջեւ առեւտրային կապերի հաստատումից մինչեւ կոոպերացիոն կապերի ստեղծում եւ զարգացում՝ արդյունաբերական տարբեր ճյուղերի շրջանակում»,- նշել է Տիգրան Սարգսյանը:  

Վարչապետը ներկայացրել է նաեւ Հայաստանի տնտեսության ներկա վիճակը,  զարգացման տեմպերն ու հնարավորությունները: 

Համաժողովին մասնակցում են երկու երկրների կենտրոնական եւ տարածաշրջանային իշխանությունների, ոչ կառավարական կազմակերպությունների, գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Ռուսաստանի 13 սուբյեկտների, ինչպես նաեւ  Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունները, բացի համաժողովի բուն աշխատանքներին մասնակցելուց, մարզերում հանդիպումներ են ունեցել հայաստանցի գործընկերների հետ, տեղերում քննարկել փոխգործակցության հեռանկարները: Հայաստանի բոլոր մարզերից եւս պատվիրակություններ են մասնակցում միջոցառմանը:

Համաժողովի շրջանակում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում` համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր Վայոց ձորի եւ ՌԴ Արխանգելսկի մարզերի, Լոռու մարզի եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության միջեւ: