Բանակում սննդի որակը շեշտակի ավելացել է: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով զինվորներին գոմեշի մսով կերակրելու փաստին:

«Անկախ գոմեշի մսի պատմությունից, մանավանդ այն տղաները ովքեր ծառայել են, լավ գիտեն, որ 90-ականների եւ 2000-ականների սկզբի համեմատ բանակում եղած սննդի որակի ցուցանիշները շեշտակի բարձրացել են: Սա որեւէ մեկը չի կարող հերքել եւ դրա համար հետազոտություն պետք չէ: Սննդի որակի բարձրացման ուղղությամբ հսկայական աշխատանք է տարվում: Սա թերություն էր, որ ՊՆ-ն որեւէ կերպ չկոծկեց, կարելի է ասել, որ մենք նպաստեցինք դրա բացահայտմանը, եւ այսօր զբաղվում է քննչական ծառայությունը, որպեսզի այսօր նման բան չկրկնվի»,- շեշտեց  Հովհաննիսյանը:

Նշենք, որ գոմեշի մսի գործով կալանավորվել է Ալբերտ Օհանջանյանը, որը Կապանի մսի կոմբինատի տնօրենն է, որպես կասկածյալ ձերբակալվել է օգոստոսի 29-ին, սեպտեմբերի 1-ին նրան մեղադրանք է առաջադրվել Քր.օր.-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նույն օրը նա կալանավորվել է: Առաջադրված հոդվածը հետեւյալն է. «Խարդախությունը (խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը), որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»: Այս հոդվածով առանձնապես խոշոր չափ է համարվում նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկը գերազանցող գումարը: