Պոլսահայ հայտնի հասարակական գործիչ, «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր երեք տարի առաջ հունվարի 19-ին «Ակոսի» խմբագրության մոտ սպանված Հրանտ Դինքի հիշատակին նվիրված արարողություններ տեղի ունեցան Թուրքիայի տարբեր քաղաքներում եւ տարբեր կուսակցությունների եւ կազմակերպությունների կողմից:

«Ակոսի» խմբագրության դիմաց` այն վայրում, որտեղ սպանվել էր երջանկահիշատակ Հրանտ Դինքը` դրվել էր նրա նկարը, իր կարգախոսներից մեկը: Առավոտյան մարդիկ այդտեղ մոմեր էին վառում եւ ծաղիկներ դնում: Հիմնական հիշատակման արարողությունը տեղի ունեցավ ժամը 15:00-ին, եւ 15:05-ին հազարավոր հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հրանտի հիշատակը: Ուղիղ երեք տարի առաջ այդ նույն ժամին էր տեղի ունեցել զազրելի սպանությունը:

Հիշատակման միջոցառմանը ներկա էին բազմաթիվ թուրք մտավորականներ, քաղաքական գործիչներ: Այդ թվում, փակված «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության նախկին պատգամավորները, ովքեր ներկայումս իրենց գործունեությունը շարունակում են «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության մեջ:

Խիստ ելույթով հանդես եկավ Դինքի որդին` Արատ Դինքը: Նա թուրքական իշխանություններին եւ դատարանին քննադատեց դատական գործին լուրջ ընթացք չտալու համար՝ նշելով. «100 տարի առաջ որս դարձանք, հիմա` ուտելիք»:

Զազրելի ոճրագործության հանդեպ վերաբերմունքը յուրահատուկ ձեւով հայտնեց Սոցիալիստական կուսակցության կազմակերպած երթը եւ հավաքը: Հիշյալ խմբի անդամները դեմքներին կրում էին Հրանտ Դինքի նկարով դիմակներ եւ ձեռքներին պահում էին «Ի հեճուկս ֆաշիզմի` իմ եղբայրն ես Հրանտ», «Մենք բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» կարգախոսները: Խմբի անդամները կազմակերպեցին ջահերով երթ եւ վերջում հանդես եկան ելույթներով: Ելույթ ունեցողներից Նահիդե Քըլըչը բարձրաձայն կարդաց Հրանտին գրված բաց նամակը. «Մեր արյունոտ պատմության անունից քեզնից եւ հայ ժողովրդից ներողություն ենք խնդրում: Ժողովրդի արդարության եւ արժանապատվության դատավորն էիր: Իրականությունը պաշտպանող լրագրող եւ մտավորական էիր: Քեզ 301 հոդվածով դատողները` քո հանդեպ ատելություն սերմանողների դաշնակիցներն էին: Քեզ հետեւից կրակողները վախենում էին մեր ժողովուրդների եղբայրությունից: Դու հանգիստ եղիր եղբայր, մենք այս հողերում եղբայրական պարերը կստեղծենք եւ այդ պարերի երգերում իր գույնով կերգենք: Մարդասպաններին ճանաչում ենք եւ նրանց հետքը բաց չենք թողնի»։