Պաշտպանե՞լ տեղական արտադրողին, եթե շուկայի կողմնացույցն իրեն հակառակ է կանգնում: Մրցունակ արտադրությունը ինքուրույն կշնչի, անմրցունակին էլ՝ «սիստեմայի տակ» պահես-չպահես… Այս տեսությունը, սակայն, եւս մեկ քայլ առաջ չի անում՝ պատճառները պարզելու:
…Մի քանի անգամ տեղական սեւ մետաղագործները առանձին-առանձին դիմել են կառավարություն՝ խնդրելով այս կամ այն կերպ «ցանկապատել» ջարդոնի արտահանումը, որը մեծ ծավալներով գնում է Իրան եւ Էմիրատներ: Արմավիրի հաստոցաշինականին, «Հիդրոկոնստրուկցիային», «Նիկոլ Դումանին» պատասխանը նույնն էր. դուք եւս գնային մրցավազքում հետ մի ընկեք: Նոր մրցավազքը հենց հիմա է, որ կարող է սկսվել, այս անգամ՝ Վրաստանի հետ: Հայաստանում երկաթ-չուգունի ջարդոնի տոննան արժե 200 դոլար, Վրաստանում՝ արդեն 260, դեռ 18% ԱԱՀ-ն չհաշված: Հայաստանում էլ արտահանումը հավասար «արշինով» է չափվում եւ խթանվում՝ լինի միկրոսխեմա, թե մետաղի ջարդոն: Երկուսն էլ արտահանվելիս ԱԱՀ-ով չեն հարկվում (գանձված ԱԱՀ-ն այնուհետև վերադարձվում է): Եւ ջարդոնը Վրաստան է մտնելու նույն 200 դոլարով: Իսկ երկրում մնացող ջարդոնն էլ թանկանում է:
Վրաստանն էլ էր նույն խնդրի առջեւ կանգնած: Ունենալով երեք խոշոր մետաղագործական ընկերություն՝ երկուսը Ռուսթավիում եւ մեկը՝ Քութայիսիում, պետությունը, այնուամենայնիվ, ջարդոնի արտահանումը հարկում էր տոննան 120 լարիով (մոտ 70 դոլար): Մեկ տարի առաջ հարկը փոխարինվել է ակցիզով՝ արդեն 100 դոլար: Օրերս Հայաստան ժամանած Ռուսթավիի մետալուրգիական գործարանի ներկայացուցիչները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ առայժմ չեն մտածել Հայաստանից ջարդոն ներկրելու մասին, եւ առայժմ աշխատում են այն ձեռք բերել տեղում, մանավանդ որ ջարդոնի հետագա արտահոսքին արդեն խանգարում է ակցիզը:
Հարկային օրենսդրությունը տեղական արտադրությանը ծառայեցնելը Հայաստանը ճիշտ չի համարում՝ ելնելով Առեւտրի համաշխարհային կազմակերպության պահանջներից եւ հարեւան երկրների պատասխան քայլերից: Դրսի օղու վրա բարձր ակցիզ սահմանենք՝ Ռուսաստանն էլ նույնը կարող է անել հայկական կոնյակի նկատմամբ: Հենց այդ տրամաբանությամբ էր, որ 2012 թվականից տեղական արտադրության ալկոհոլային խմիչքների ակցիզը հավասարվեց ներմուծվածի հետ:
Խոսքը, սակայն, ներմուծման մասին է: Իսկ արտահանման տուրքերի նկատմամբ ԱՀԿ-ն առայժմ որեւէ պահանջ չի առաջադրում: Հարկե՞լ, թե չհարկե՞լ տեղական հումքի արտահանումը, եւ ինչպե՞ս: Այս հարցը մաս է կազմում ԱՀԿ-ի՝ Դոհայի զարգացման գործընթացի (Doha Development Agenda), սակայն համընդունելի համաձայնագիր սեղանին դեռ չկա:
Հայաստանն էլ թերեւս առաջ չընկնի եւ, քանի կարող է, հարկ գանձի ջարդոնի արտահանումից: Վրատանում երեք խոշոր մետաղագործարան կա: Մեզ մոտ՝ միայն մեկը: Պետական նպաստի կարիք նա չունի, բայց պետական նպաստավոր քաղաքականության կարիք՝ անկասկած:
Արամ Գարեգինյան




























