«Չի կարելի ասել, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը փակուղի է մտել, սակայն Թուրքիան, փորձում է ամեն կերպ նախապայմաններ գտնել ՀՀ Սահմանադրական դատարանի հրապարակած զեկույցում՝ այդ կերպ ձգձգելով սկսված գործընթացը»,- փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։
Նշելով, որ Թուրքիան արձանագրությունները մինչեւ ապրիլ վավերացնելու մտադրություն չունի, նա համոզմունք հայտնեց, որ այդ երկրի պահվածքը պայմանավորված է իր կողմից առաջ քաշված նախապայմանները Հայաստանի վրա բարդելու միտումով։ «Սակայն մենք պետք է անենք ամեն բան, որպեսզի համայն աշխարհին ցույց տանք Թուրքիայի իրական դեմքը՝ չթողնելով միջազգային հանրությանը կարծել, թե արձանագրությունների վավերացմանը խոչընդոտողը Հայաստանն է»,- ասաց նա:
Կիրո Մանոյանի կարծիքով, Թուրքիան այսօր փորձում է նախապայմաններ առաջ քաշող կողմ ներկայացնել հայերին՝ հող ստեղծելով գործընթացից առաջինը դուրս գալու համար, մինչդեռ «հոկտեմբերի 11-ին՝ արձանագրությունների ստորագրման հաջորդ իսկ օրը գործընթացից պետք է դուրս գար Հայաստանը, եւ ճիշտ կլիներ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարգեր իր իսկ հայտարարությունը եւ գործընթացը Թուրքիայի կողմից ձգձգելու դեպքում Հայաստանը դուրս բերեր բանակցություններից»,- նկատեց նա՝ ավելացնելով, որ «հնարավոր է՝ ամենին ավելի մոտիկից տեղեկանալու համար այս մեկ-երկու օրվա ընթացքում մեր իշխանություններին զանգահարի, ասենք, ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը, որի հետ զրույցում հայկական կողմը պետք է հաստատ մնա ՍԴ ընդունած զեկույցի մասով եւ չփորձի ասել, թե այն ներքին սպառման համար է»:
Վերջում ՀՅԴ ներկայացուցիչը հայտարարեց, որ ՍԴ-ից հետո իրենց թիրախը Ազգային ժողովի պատգամավորներն են դառնալու։




























