Մի շարք սպառողներ դիմել են ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ դժգոհելով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությունից: Խոսքը վերաբերում է տոմսերի վաճառքի եւ դրանց ետ վերադարձնելու խնդիրներին: Ըստ բողոքների՝ ընկերությունը էլեկտրոնային տարբերակով վաճառած տոմսերը ետ ետ չի վերցնում, իսկ թղթայինի դեպքում՝ գանձում է տուգանք տոմսի արժեքի 15%-ի չափով:

Սպառողները նաեւ բողոքում են, որ  «Հարավկովկասյան երկաթուղում» տոմսերի ձեռքբերման համակարգը այնպիսին է, որ թույլ չի տալիս միաժամանակ ձեռքբերել մեկնման եւ հետվերադարձի տոմսերը, ինչը լուրջ անհարմարություններ է պատճառում Վրաստան հանգստի մեկնողներին: Բացի այդ՝ տոմսերի ձեռքբերման համակարգը թույլ չի տալիս սպառողներին վագոնում ազատ տեղերի միջեւ ընտրություն կատարել:

Սպառողները բողոքում են նաեւ էլեկտրոնային տոմսերի բարձր գներից: Հարուցված վարույթի ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղին» վերոնշյալ խնդիրների հիմնական մասը լուծել է եւ գրավոր պարտավորություն է ստանձնել որոշակի ժամանակահատվածում շտկելու դեռեւս այս պահին առկա խնդիրը, այն է՝ նորից իջեցնել էլեկտրոնային տոմսերի գները:

Հանձնաժողովը, հաշվի առնելով ընկերության կողմից խնդիրները արագ լուծելու փաստը, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը հայտարարեց խիստ նկատողություն՝ միաժամանակ հանձնարարելով  հետագայում բացառել  սպառողների շահերը վնասող վարքագծից; Բացի այդ՝ ընկերությունը պարտավորվում է պահպանել տոմսերի վաճառքի եւ վերադարձման համակարգը: