Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը  շարունակում է խորհրդակցությունները մարզպետարաններում, որոնց ընթացքում քննարկվում են սեփական եկամուտների հավաքագրման, մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը,  հրատապ այլ  հարցեր:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե փոխվարչապետն այսօր խորհրդակցություններ անցկացրեց Տավուշի եւ Լոռիի մարզպետարաններում: Ներկայացվեցին  2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ մարզերի համայնքներում բյուջեների կատարողականի ցուցանիշները: Անդրադարձ եղավ նաեւ  2013թ. համայնքների բյուջեների կազմման գործընթացին:

Փոխվարչապետը համայնքապետերին հորդորեց մինչեւ դեկտեմբերի 25-ն ավարտել բյուջեների նախագծերի կազմման աշխատանքները` հաշվի առնելով  «2013 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանված դոտացիաների ծավալը: Նա առաջարկեց առավել իրատեսական փաստաթղթեր կազմել` նկատելով, որ դրան նպաստում  է նաեւ  մինչեւ 2008թ.  կուտակված ապառքների զրոյացման միջոցով բազաների «մաքրման» օրենսդրական լուծումը:  Տարածքային կառավարման նախարարության եւ մարզպետարանների պատասխանատուներին հանձնարարվեց անհրաժեշտության դեպքում մեթոդական աջակցություն ցուցաբերել համայնքներին:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին նաեւ արդյունավետ վարչարարության հետ կապված հարցեր. այս համատեքստում համայնքապետերն անդրադարձան դատական համակարգի հետ  հանդիպող  բարդություններին: Նրանք փոխվարչապետին առաջարկեցին համապատասխան օրենսդրական փոփոխությունների միջոցով առավել դյուրացնել  համայնք-դատարան շղթայում գործող մեխանիզմները:  Փոխվարչապետը տեղեկացրեց, որ  խնդիրը կառավարության ուշադրության  կենտրոնում է, եւ այդ ուղղությամբ Արդարադատության նախարարության հետ աշխատանքներ են իրականացվում:

Տեղեկություններ ներկայացվեցին նաեւ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման  ծրագրի, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքի մասին: