Խոսելով իր՝ նախարարի պաշտոնում գտնվելու ժամանակահատվածում հայ-թուրքական հարաբերությունների մասին, Օսկանյանը հայտնել է, որ Հայաստանը միշտ էլ պնդել է բանակցային գործընթացի գաղտնիության վրա, քանի որ երկյուղ կար, որ «Թուրքիան ավելի շատ հետաքրքրված է գործընթացով, քան արդյունքով»։ Օսկանյանի համոզմամբ, Անկարան Հայոց ցեղասպանության թեման սառեցնելու նպատակ է հետապնդում։

Օսկանյանն անդրադարձել է նաև Հայաստանի ու Թուրքիայի միջև ստորագրված «ճանապարհային քարտեզին»։ «Հայաստանը տանուլ է տվել այդ ճակատամարտը։ Հայկական կողմի համաձայնությունը նրանց գրպանում է, և այժմ Թուրքիան կարող է որոշել, թե երբ և ինչպես բացի սահմանը։ Իսկ մենք փոխարենը ոչինչ չստացանք»,- հայտարարել է նա։

Հայաստանի ԱԳՆ նախկին նախարարի կարծիքով, Հայաստանի համար առաջնահերթ են ազգային խնդիրների հետ կապված հարցերը։ Դրանք, ըստ նրա, օգնում են հանրապետությանը հակազդելու այն երկրների հուժկու ճնշմանը, որոնք իրենց սեփական նպատակներն ու շահերն են հետապնդում և Հայաստանի բարեկեցությամբ ոչ մի կերպ չեն հետաքրքրված ։