Քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության, որ վերջերս է փակվել Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ, նախկին անդամները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հաղորդում է թուրքական Today’s Zaman թերթը:
Պարբերականը նշում է, որ «նրանք իրենց գործողությունները պատճառաբանել են նրանով, որ ՍԴ-ն իր որոշման մեջ անկողմնակալ չի եղել, քանի որ ստեղծվել է երկրում 1980թ. սեպտեմբերի 12-ին իշխանության եկած միլիտարիստական խունտայի ընդունած սահմանադրությամբ»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ՍԴ-ն 2009թ. դեկտեմբերի 11-ին որոշում է կայացրել DTP-ի գործունեությունը դադարեցնելու եւ նրա 37 անդամներին, այդ թվում եւ կուսակցության ղեկավար Ահմեդ Թուրքին, քաղաքական գործունեությունից զրկելու մասին: DTP-ն մեղադրվում է Քրդական բանվորական կուսակցության հետ ունեցած կապերի մեջ:




























