Հունվարի 21-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ամփոփելով Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության նախորդ տարվա ձեռքբերումները` կողմերը գոհունակությամբ նշել են, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ թե՛ բազմակողմ, թե՛ անդամ երկրների հետ երկկողմ ձեւաչափերով:

Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ: Կողմերը մտքեր են փոխանակել Արեւելյան գործընկերություն ծրագրի վերաբերյալ` կարեւորելով ծրագրի ներուժի ամբողջական օգտագործումը` Ասոցիացման համաձայնագրի մշակումը, Ազատ առեւտրի խորացված եւ համապարփակ համաձայնագրի կնքումը, մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացումը:

Զրուցակիցներն անդրադարձել են արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացին: Հանդիպմանը քննարկվել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները: