Հայաստանում ստվերային տնտեսությունը 44,6% է: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Ազգային Ժողովում հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ հիմնվելով «Ամնեսթի ինթերնեյշնլ» իրավապաշտպան կազմակերպության տվյալների վրա: Ընդ որում՝ եթե 5 տարի առաջ Հայաստանը ստվերային տնտեսության մակարդակով 138 երկրների շարքում 110-րդ տեղում էր, ապա ներկայում՝ 129-րդ:

Որպես ստվերային տնտեսության աճի ապացույց, Հ. Բագրատյանը մատնանշեց նաեւ պետական եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցության նվազումը 2011-13 թ.թ.՝ 22,77 %-ից մինչեւ 22,74%:

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի համար այս հարցադրումն ակնհայտորեն անակնկալ էր: Նա նշեց, որ հարկային օրենսդրության փոփոխությունների եւ վարչարարության ոլորտում կատարվող միջոցառումների շնորհիվ պետական բյուջեի եկամուտները չեն կարող նվազել: Այնուհետեւ հավելեց, որ հարկային եկամուտների կշիռը ՀՆԱ-ում աճել է:

Նշենք, որ ըստ կառավարության կողմից ներկայացված ուղերձի՝ պետական եկամուտների կշիռը ՀՆԱ-ում 2011-13 թթ. իրոք նվազել է, սակայն դա տեղի է ունեցել պաշտոնական դրամաշնորհների հաշվին (արտասահմանից ստացվող նվիրատվություններ), իսկ ներքին աղբյուրների հաշվին եկամուտներն իրապես աճել են նաեւ ՀՆԱ-ում:

Ինչ վերաբերում է «Ամնեսթի ինթերնեյշնլ» կազմակերպության գնահատականներին, ապա Վ. Գաբրիելյանը հեգնեց, որ ստվերային տնտեսության գնահատակնները չեն կարող տասնորդական աստիճանի ճշտություն ունենալ: