Վրաստանի իշխանությունները մտադիր են Ուկրաինայի նախագահի ընտրությունների փետրվարի 7-ին կայանալիք 2-րդ փուլին կրկին դիտորդներ ուղարկել:
Ինչպես հաղորդում է վրացական «Ռեզոնանսի» թերթը, վկայակոչելով կառավարող «Միացյալ ազգային շարժման» պատգամավոր Իրակլի Կավտարաձեին, վրացի դիտորդները կատարելու են իրենց գործառույթներն այն տեղամասերում, որտեղ ավելի մեծ է խախտումների հավանականությունը: «Որքան շատ լինեն դիտորդները այնքան բարձր կլինի վստահությունն ընտրությունների նկատմամբ»,- նկատել է նա՝ չնշելով, սակայն, դիտորդների կոնկրետ թիվը:
Միեւնույն ժամանակ, թերթի իշխանական կառույցներում եղած աղբյուրները պնդում են, որ «ուղարկելու են անհրաժեշտ քանակությամբ դիտորդներ»:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Ուկրաինայում կայացան նախագահական ընտրությունների առաջին փուլը: Այն ժամանակ երկրի ԿԸՀ-ն չգրանցեց Վրաստանի դիտորդներին՝ ձայների անբավարար քանակի պատճառով: Սակայն ընտրությունների նախօրեին Դոնեցկ էին ժամանել մոտ 400 դիտորդներ: Ըստ Տարածաշրջանների կուսակցության ներկայացուցիչ Վլադիսլավ Լուկյանովի, նրանց մեջ Վրաստանի ՆԳՆ հատուկ ծառայությունների աշխատակիցներ են:
Ընտրությունների օրը ծեծի էին ենթարկվել «Իմեդի» հեռուստաընկերության երկու աշխատակիցներ, եւս մի լրագրող՝ Թեա Ադեիշվիլին, ծեծի էր ենթարկվել Վիկտոր Յանուկովիչի թիկնապահի կողմից, երբ փորձում էր հարց տալ թեկնածուին:




























