Ոչ մի արտառոց բան չկա նրա մեջ, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը այցելել է Իրան։ Հունվարի 22-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նրա խոսքով, դա մասնավոր այցելություն է եղել՝ Իրանի ղեկավարության հրավերով եւ հայկական կողմը տեղեկացված է եղել այդ այցելության մասին։
Նրա խոսքերով, նախկին նախագահները այցելում են տարբեր երկրներ եւ դա բնական երեւույթ է: Եթե խոսքն այն մասին է, որ հանդիպումների ժամանակ Քոչարյանը հայտարարել է, թե Հայաստանը հանդես է գալիս երկկողմանի հարաբերությունների զարգացման օգտին, սա ոչ մեկի համար նորություն չէ։ Դրա մասին ասվել է այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետության նախագահն էր պարոն Քոչարյանը, դրա մասին ասվում է այսօր", նշել է Նալբանդյանը՝ հավելելով որ պետք չէ դրա տակ ինչ-որ այլ բան փնտրել։
ՀՀ արտգործնախարարը տեղեկացրել է, որ հունվարի 26-ին Իրանի իր պաշտոնակիցը Մանուչեհր Մոթթաքին, ժամանելու է Հայաստան: Եւ այստեղ կկայանա հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստը։
Հիշեցնենք, որ Իրանի պաշտոնական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ հունվարի 20-ին ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանը Իրանում հանդիպել այդ երկրի նախագահի ու ԱԳ նախարարի հետ: Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանը ցանկանում է ընդլայնել հարաբերությունները Իրանի հետ, եւ նշել է, որ երկու կողմերն էլ չօգտագործված ներուժ ունեն դրա համար։




























