ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 24-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանեն Վրաստանի Նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ նրա տիկինը՝ Սանդրա Ռուլովսը: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունից։

Նույն օրը ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա Վրաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Միխայիլ Սահակաշվիլու առանձնազրույցը: Այնուհետև կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, ապա Հայաստանի եւ Վրաստանի ղեկավարները հանդես կգան համատեղ մամլո ասուլիսով:

Հունիսի 24-ի երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ տիկին Ռիտա Սարգսյանի անունից ի պատիվ Վրաստանի նախագահի եւ նրա տիկնոջ կտրվի պաշտոնական ընթրիք:

Միխայիլ Սահակաշվիլին հանդիպում կունենա նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի նախագահը կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի զոհերի հուշակոթողին: Այնուհետև Երևանի պետական համալսարանում Սահակաշվիլին կհանդիպի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ:

Հունիսի 25-ին վրացական պատվիրակությունը կմեկնի Հայաստանից: