Հայաստանցիների 62 տոկոսը բավարարված չէ իր ապրուստից:
Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը հրապարակել է նախկին ԽՍՀՄ 14 երկրներում «Եվրասիական մոնիտոր» կոնսորցիումի անցկացրած ուսումնասիրությունների արդյունքները: Հարցման ժամանակ ռեսպոնդենտներին հարցրել են, թե ինչպես են նրանք դիմագրավում ճգնաժամին: Հարցմանը, որն անցկացվել է 2009թ. ապրիլ-մայիս ամիսներին, մասնակցել է 16498 մարդ, ամեն երկրից մոտ 1100-ից 2000 մարդ:
Ըստ հարցման, իրենց կյանքից գոհ են ուզբեկներն (89 տոկոս) եւ էստոնացիները (74 տոկոս): Իրենց ապրուստից դժգոհ են ուկրաինացիներն ու հայերը (62-ական տոկոս) եւ մոլդովացիները (58 տոկոս):
Հայերի 5 տոկոսը չափազանց գոհ է իր ապրուստից, 32 տոկոսը՝ դժգոհ չէ, 28-ը դժգոհ է, իսկ 34-ը տանել չի կարողանում իր կենսակերպը: Համեմատության համար իր կյանքից շատ գոհ է ադրբեջանցիների 10, վրացիների՝ 3 տոկոսը: Գոհ է ադրբեջանցիների 36, վրացիների՝ 34 տոկոսը, դժգոհ է ադրբեջանցիների 33, վրացիների 45 տոկոսը, ահավոր դժգոհ է համապատասխանաբար 19 եւ 15 տոկոսը:
Ուզբեկները նաեւ առաջ են անցել իրենց լավատեսությամբ: 100 ուզբեկից 69-ը հավատում է, որ մեկ տարուց իր վիճակն ավելի կլավանա, մինչդեռ հայերի 35 տոկոսը վստահ է, որ մեկ տարուց վիճակն ավելի է վատանալու:
Նախկին ԽՍՀՄ երկրներից իրենց խորհրդարանի աշխատանքը բարձր գնահատողների մեջ առաջինը կրկին… ուզբեկներն են (82 տոկոս), երկրորդը՝ ղազախները՝ (53 տոկոս): Լատվիացիների 82, ուկրաինացիների՝ 81, էստոնացիների 77, եւ վրացիների 55 տոկոսը բացասաբար է գնահատում խորհրդարանի աշխատանքը: Հայերի 60 տոկոսն է բացասաբար գնահատում Ազգային ժողովի աշխատանքը:



















