2001- 2011թթ. ընթացքում Հայաստան 236,8 հազ. ավտոմեքենա է ներկրվել: Այժմ մեր երեք միլիոն բնակչությամբ քաղաքում շուրջ կես միլիոն ավտոմեքենա կա:

Նախորդ տասնամյակում ավտոմեքենաների ներկրման դինամիկան բնութագրվում է կտրուկ աճով, որը գագաթնակետին էր հասել 2008թ.՝ նախաճգնաժամային շրջանում:

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին մանրածախ առեւտրաշրջանառության ծավալը կազմել է  890,6 մլրդ դրամ եւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,0%-ով: Միաժամանակ, ավտոմեքենաների եւ դրանց պահեստամասերի վաճառքի, ինչպես նաեւ վերանորոգման ծառայությունների ծավալը կազմել է 61 մլրդ դրամ, աճի տեմպը՝ 12,5 տոկոս:

Տեմպերի նման աճն արդարացված է միայն բարձր կենսամակարդակի դեպքում, սակայն Հայաստանում հակառակ պատկերն է:  Ավտոմեքենաների պակասուրդ չկա, սակայն բնակչության կողմից ապրանքասպառման մակարդակը բավական ցածր է

Սա վկայում է մեր հանրության շարունակվող բեւեռացման մասին:

Ինչպես հայտնի է, խտացված գազի օգտագործումը որպես վառելիք ավելի  խնայողական է քան, բենզինը:  Սակայն դա էլ հաշվի առնելով, բենզինի ներկրման  տեմպը զարմանալի է: Վերջին 11-12 տարիներին երկրում մեքենաների քանակն աճել է, այնինչ բենզինի  ներկրումը՝ կրճատվել:

1999 թվականին ներկրվել է  237,4  հազար տ բենզին, հաջորդ տարի՝ 178,5 հազար տ: Այսինքն կրճատվել էր  58,9 հազար տ-ով: Հնարավոր է, որ 1999 թվականին ավելի շատ են ներկրել, այդ պատճառով էլ չիրացված բենզինի պաշարները մնացել են հաջորդ տարվան: 

Նախորդ տարի բենզինի ներկրումը կազմել է 164,3 հազար տ, որը 73,1 հազար տ-ով ավելի քիչ է 1999 թվականի ցուցանիշից, իսկ 2001-ի հետ համեմատած՝ 14,2 հազար տ-ով:

Սակայն այդ նույն ժամանակահատվածում կտրուկ աճել են դիզելային վառելանյութի մատակարարումները: 2011 թվականին 2000 թվականի հետ համեմատած դիզվառելիքի ներկրումն ավելացել է  2,6 անգամ՝ կազմելով  135,2 հազար տ:

2011 թվականին բենզինի եւ  վառելանյութի  լրիվ ծավալն ավելացել է  29,8  հազար տ-ով՝ կազմելով 299,5 հազար տ:

Եթե տվյալ ցուցանիշը 2000 թվականին 3,4 անգամ ավելի էր, ապա 2011 թվականին այն նվազել է  1,2 անգամ: Հասկանալի է, որ այդ փաստերն ուսումնասիրման կարիք ունեն: Այն ժամանակ էլ  պարզ կդառնա, թե արդյո՞ք խտացված գազի  կիրառման պատճառով է նվազել բենզինի պահանջարկը, եւ թե ինչի վրա է ծախսվում դիզելային վառելանյութը: Կամ էլ, պատճառներն այլ են:  

Ալբերտ Խաչատրյան