Իրանի ԱԳ նախարար Մոթթաքիի հրավերով Թեհրանում գտնվող Ռոբերտ Քոչարյանը իր հանդիպումների ընթացքում հայտարարություններ չի արել, իսկ հանդիպումները եղել են բարեկամական բնույթի: Նման հաղորդագրություն է տարածել Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: «Ըստ ամենայնի, տեղի ունեցածը թյուրըմբռնման կամ լրատվամիջոցների կողմից ոչ ճիշտ թարգմանության արդյունք է»,- նշել է Սողոմոնյանը:
Հիշեցնենք, որ Tehran Times օրաթերթի փոխանցմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը հունվարի 20-ին Թեհրանում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքիի հետ եւ հայտարարել, թե Հայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը Իրանի հետ։ Ռ. Քոչարյանը այդ հանդիպման ժամանակ խոսել է նաեւ տարածաշրջանում անվտանգության եւ տնտեսական զարգացման հարցերում տարածաշրջանային մոտեցումներով առաջնորդվելու անհրաժեշտության մասին՝ ասելով, թե «Կովկասի ճգնաժամերը կարգավորելու` օտար տերությունների դեղատոմսերը վնասակար են»: Իսկ Իրանի նախագահ Մահմուդ ԱՀմադինեջադի հետ հանդիպմանը, ըստ իրանական պետական IRNA գործակալության, Քոչարյանը նշել էր, թե Հայաստանը ցանկանում է ընդլայնել իր կապերը Իսլամական Հանրապետության հետ՝ ընդգծելով, որ երկրները բավարար պոտենցիալ ունեն երկկողմ կապերի զարգացման համար եւ տարածաշրջանային համագործակցության մակարդակի բարձրացման համար:




























