Թուրք-իսրայելական վերջին լարվածության պատճառով Իսրայելի երկու նախարարներ իրար կենցաղային բնույթի վիրավորանքներ են հասցրել։ Թուրքական Zaman-ը, վկայակոչելով իսրայելական Հաարեց թերթին, գրում է, որ Իսրայելում Թուրքիայի դեսպանին նսեմացման համար Իսրայելի առեւտրի եւ արդյունբերության նախարարը մեղադրել է արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանին։ Թուրք դեսպանի պատիվը պահող առեւտրի նախարար Բեն Էլիզերը Լիբերմանին ասել է, որ նրան շաուրմա կսարքի, իսկ թուրք դեսպանի նսեմացման քաղաքականության հեղինակ արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը Բեն Էլիզերին անվանել է տնական շուն։
NEWS.am-ը հիշեցնում է, որ հունվարի 11-ին Իսրայելի ԱԳ փոխնախարար Դանի Այալոն հրավիրել էր Իսրայելում Թուրքիայի դեսպանին եւ հանդիպման ժամանակ նրան նստեցրել ավելի ցածր աթոռի վրա, Իսրայելի բողոքը փոխանցել թուրք դեսպանին՝ թուրքական «Գայլերի հովտի որոգայթը» սերիալի կապակցությամբ, որտեղ իսրայելցի գործակալները ներկայացվում են որպես երեխաներ առեւանգողներ։ Այնուհետ դեսպանի հետ հիշյալ տեսարանի լուսանկարները տարածվել էին իսրայելական մամուլում, ինչը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել Թուրքիայում։ Թուրքական իշխանությունները պահանջեցին Իսրայելի կողմից պաշտոնական ներողություն։ Իսրայելը նախ ուղարկեց բացատրություն, որ Դանի Այալոն նպատակ չի ունեցել նսեմացնելու թուրք դեսպանին։ Սակայն սա չբավարարեց Թուրքիային։ Հունվարի 13-ի ուշ երեկոյան Անկարան ստացավ իր ուզած՝ Դանի Այալոնի կողմից ուղարկված պաշտոնական ներողությունը՝ Իսրայելում Թուրքիայի դեսպանի անունով, ուղերձի մեջ իսրայելցի պաշտոնյան թուրք դեսպանից եւ թուրք ժողովրդից ներողություն էր խնդրում իր արարքի համար։




























