Հյուսիսային Կովկասում խաղաղությունը վերականգնելուց հետո, Ռուսաստանն այժմ պետք է ապահովի տարածաշրջանի զարգացումը: Այս մասին հունվարի 23-ին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը՝ Հյուսիսային Կովկասի դաշնային տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող խորհրդակցության ժամանակ:

«Մենք այն ժամանակ միասին հաղթեցինք եւ վերականգնեցինք խաղաղությունը: Այժմ պետք է հաջորդ քայլը անել, որը, ինչպես պարզվեց, պակաս բարդ չէ: Պետությունը պետք է ապացուցի, որ նա ի վիճակի է ապահովել անվտանգություն, արդարություն եւ օրենքի նկատմամբ հարգանք, ամրապնդել կայունությունը, քաղաքացիական խաղաղությունը եւ ազգամիջյան համաձայնությունը, ինչպես նաեւ տնտեսական բեկման հասնել ՀյուսիսայինԿովկասի տնտեսության ոլորտում»,- հայտարարել է Պուտինը:

Ռուսաստանի վարչապետը կառավարությանը, մարզերին եւ նախագահի լիազոր ներկայացուցչին հանձնարարել է մշակել Հյուսիսային Կովկասի դաշնային տարածաշրջանի զարգացման նոր ծրագիր: Ընդ որում, Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը «թույլ չի տա ոչ մի միջամտություն իր ներքին գործերին»:

«Մայակ» ռադիոկայանի հաղորդմամբ, Պուտինը կարեւորել է Հյուսիսային Կովկասի տարածաշրջանում մեծ եւ փոքր բիզնեսի զարգացումը: Նա հանձնարարել է նաեւ մշակել Կովկասում հատուկ տնտեսական գոտիների ստեղծման ծրագիրը: Իրենց ներդրումային առաջարկությունները պետք է ներկայացնեն դաշնային գերատեսչությունները եւ մենաշնորհ ունեցողները, իսկ «Сбербанк»-ը, ВТБ-ն եւ «Внешэкономбанк»-ը պետք է հատուկ ծրագրեր մշակեն՝ ուղղված փոքր բիզնեսի վարկավորման զարգացմանը: