«Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը երկու շաբաթ առաջ առողջության կտրուկ վատթարացման պատճառով «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց: Ներկայումս նա գտնվում է անկողնային վիճակում, ունենում է արյան ճնշման տատանումներ եւ պարբերական ցնցումներ: Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, հուլիսի 10-ին Արմանին հետազոտել են «Նաիրի» բժշկական կենտրոնում:

Ըստ այդմ, հայտնաբերվել է, որ Ա. Բաբաջանյանի գլխուղեղի «թրքական թամբի» ստորին հատվածում ուռուցք կա, որը ցավի նոպաների պատճառ է դառնում: Նա օրվա ընթացքում մի քանի ներարկում է ստանում: Շատ հավանական է, որ որոշում կայացվի գլխուղեղի վիրահատություն կատարելու վերաբերյալ, սակայն, ինքը Ա. Բաբաջանյանը վերապահումով է մոտենում Հայաստանում իրեն վիրաբուժական միջամտության ենթարկելուն: «Հավանաբար ես կսպասեմ իմ օրացուցային ազատմանը՝ սեպտեմբերի 16-ին, հետո արտասահմանում կկազմակերպեմ այդ միջոցառումը»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ «ժամանակ» թերթի գլխավոր խմբագրին վաղաժամկետ ազատ արձակելու հարցը համապատասխան հանձնաժողովը վերջին անգամ քննարկել ու մերժել է այս տարվա մարտին: «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկին առընթեր անկախ հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունենալու այս շաբաթվա ընթացքում:

Արման Բաբաջանյանը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու համար: Նրա պատժի ժամկետը լրանում է սեպտեմբերի 16-ին: ԱԺ կողմից հունիսի 19-ին հայտարարված համաներումը Արման Բաբաջանյանի վրա չի տարածվել։ Սա Ա. Բաբաջանյանի ազատազրկման 3 տարիներին հայտարարված 2-րդ համաներումն էր, սակայն երկու դեպքում էլ նա համաներման հնարավորությունից չի օգտվել, թեեւ նրա հանցանքը համարվում է միջին ծանրության։ Անցած 3 տարիներին մերժվել են նաեւ նրա՝ իրեն վաղաժամկետ ազատ արձակելու բոլոր դիմումները։