Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելռոյը «Մալագայի» հետ երեկվա խաղից հետո հրաժեշտ է տվել իր թիմի երկրպագուներին։ Հոլանդացի ֆուտբոլիստը տեղափոխվելու է գերմանական «Համբուրգ» ակումբ, որպեսզի խաղային փորձ ձեռք բերի եւ Հոլանդիայի ազգային հավաքականի կազմում կարողանա մասնակցել Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայանալիք 2010 թվականի աշխարհի առաջնությանը։
Ֆուտբոլիստը շատ հուզված էր եւ հրաժեշտից առաջ ասաց, որ « Ռեալն» ու Մադրիդը հավերժ կմնան նրա սրտում։ "Ես երբեք չէի լքի այս ակումբը, եթե խաղային փորձի կարիք չունենայի։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ երկրպագուներին։ Ներկայիս «Ռեալը» շատ ուժեղ թիմ է եւ ի վիճակի է մեծ ձեռքբերումների։
Խաղացողի խոսքերով, ապագայում հնարավոր է, որ նա վերադառնա «Ռեալ» եւ ակումբում զբաղեցնի ադմինիստրատիվ պաշտոն։ Նա արդեն ղեկավարության կողմից ստացել է համապատասխան առաջարկ։



























