«Նվագում ենք ջազ Գարանյանի հետ» երկրորդ երիտասարդական երաժշտական փառատոնն է կայանալու այսօր՝ հունվարի 25-ին «Մերիդիան» մշակույթի եւ արվեստների կենտրոնի Մեծ դահլիճում:
Ինչպես հայտնեցին ֆորումի մամուլի ծառայությունից, ծրագրում հնչելու են ստեղծագործություններ ոչ միայն փորձված, այլեւ շարքային ունկնդիրների համար, քանի որ Գարանյանը միշտ ասում էր. «Ես ուզում եմ նվագել երաժշտություն, որը դուր է գալիս բոլորին»: Հնչելու են ջազի դասականների՝ Դյուկ Էլինգտոնի, Չառլզ Պարկերի, Կաունտ Բեյսիի եւ Ջորջ Գերշվինի ստեղծագործությունները: Բեմ են դուրս գալու Գարանյանի գործընկերները՝ Ալեքս Նովիկովը (սաքսոֆոն), Բորիսլավ Ստրուլեւը (վիոլոնչել), Անդրեյ Իվանովը (թավջութակ), Դմիտրի Սեւաստյանովը (հարվածային գործիքներ), Վլադիմիր Շուրկինը (հարվածային գործիքներ), Վիտալի Իմերելին (ջութակ) եւ Գեորգի Գարանյանի «Մելոդիա» ճանաչված անսամբլը:
Հայտնի ջազային երաժիշտ Գեորգի Գարանյանը մահացել է հունվարի 11-ին՝ կյանքի 76-րդ տարում, եւ նրա հիմնած փառատոնն այս անգամ կանցնի առանց նրա: Սակայն, ինչպես պատմեցին կազմակերպիչները, ջազային տոնը կանցնի այնպես, ինչպես մտածել էր մաեստրոն:




























