Ոստիկանության համակարգի ծառայողների պատրաստման եւ վերապատրաստման գործընթացին ծանոթանալու նպատակով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ոստիկանության ուսումնական կենտրոն եւ ոստիկանության ակադեմիա:
Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, Ոստիկանության ուսումնական կենտրոնում, որի հիմնական խնդիրը կադրերի պատրաստումն ու վերապատրաստումն է, նախնական պատրաստության եւ վերապատրաստման դասընթացներ են անցնում ինչպես կրտսեր, այնպես էլ միջին հրամանատարական կազմի ծառայողները: Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել ուսումնական կենտրոնում, որը վերջին տարիներին նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ակտիվ օժանդակությամբ վերանորոգվել ու վերազինվել է:
Երկրի ղեկավարին ներկայացվել է կենտրոնի ընթացիկ աշխատանքը: Նշվել է, որ լուրջ քայլեր են կատարվում ոստիկանության ծառայողների ուսումնական գործընթացի կատարելագործման, ուսումնական ծրագրերի մեթոդական ապահովումը բարելավելու, նոր տեխնոլոգիաներ, ուսուցման առաջավոր մեթոդներ ու եղանակներ ներդնելու ուղղությամբ` ուսումնասիրելով նաեւ տարբեր երկրների փորձը:
Հանրապետության Նախագահը շրջել է նաեւ ոստիկանության ակադեմիայում, ծանոթացել ուսումնական գործընթացի պայմաններին: Սերժ Սարգսյանը հանձնարարել է հաջորդ տարվա բյուջեում միջոցներ նախատեսել ակադեմիայի շենքի հիմնանորոգման համար: Նա այցելել է նաեւ պարեկապահակային ծառայության ոստիկանության գունդ:



















