Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն լրագրողներին հայտնել է, որ մինչ Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղը հնարավոր են դրական զարգացումներ հայ-թուրքական հարաբերություններում: Այս մասին հաղորդում է թուրքական «Zaman» թերթը:
Անկարայում կազմակերպված մամլո ասուլիսում Թուրքիայի ԱԳ նախարարը՝ անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին, ասել է, որ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի ազգային շահերի տեսանկյունից օգտակար է համարում: Նա նշել է, որ Թուրքիան գտնվում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, որ ԼՂ խնդիրը եւ հայ-թուրքական սահմանի բացումը, մեկը մյուսին այլընտրանքային խնդիրներ չեն, եւ որ իրենք խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ կամք ունեն: Թուրքիայի ԱԳ նախարարը շեշտել է նաեւ. «Մեր զուգահեռ բանակցությունները շարունակվում են: Պրահայից այս կողմ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները արագացել են: Վերջին մեկ տարվա մեջ մեծ տարածություն ենք անցել: Սառեցված խնդիրները մեկ տարում չեն լուծվում: Դրա համար ժամանակ է պետք»: Իսկ լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է, որ մինչ Հայաստանի հետ ֆուտբոլային խաղը դրական զարգացումներ լինեն, Դավութօղլուն պատասխանել է. «Այո, հնարավոր է»:



















