1998թ. նոյեմբերի 13-ին Տոկիոյում բացվեց Բարության համաշխարհային շարժման (World Kindness Movement) առաջին կոնֆերանսը, որին մասնակցում էին Ավստրալիան, Կանադան, Ճապոնիան, Թաիլանդը, Սինգապուրը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն: Ավելի ուշ շարժմանը միացան այլ երկրներ, իսկ նոյեմբերի 13-ը դարձավ Բարության համաշխարհային օր (World Kindness Day):

Համաձայն ամերիկացի եւ ճապոնացի հոգեբանների, որքան շատ ենք բարի արարք գործում, այնքան ավելի երջանիկ ենք զգում: Իրենց գնահատանքը, քնքշությունը եւ բարի այլ զգացմունքներն առօրյայում արտահայտող անձինք ավելի լավատեսորեն են նայում աշխարհին եւ ֆիզիկապես ավելի լավ, ավելի ներդաշնակ  են զգում:

Գիտնականները նաեւ նշում են, որ բարիք գործող մարդիկ միջինը 9 տարի երկար են ապրում, չէ՞ որ երբ մարդ բարիք է գործում, նրա լիմֆոցիտների մակարդակն ավելանում է, անոթները լայնանում են,  դիմադրողականությունը մեծանում է, գրում է «Վեչերնյայա Մոսկվան»:

Բարության մյուս «կողմնակի ազդեցությունը» «հաճույքի հորմոնների» արտադրությունն է: Մենք ֆիզիկապես թեթեւացած ենք զգում, շրջապատողներն ավելի քիչ են նյարդայնացնում: