Հունվարի 24-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորել է Նիշի եպիսկոպոս Իրինեոսին` Պեչսկի արքեպիսկոպոս, Բելգրադի և Կարլովցի միտրոպոլիտ, Սերբ Ուղղափառ Եկեղեցու պատրիարք ընտրվելու եւ գահակալության առիթով:
«Սուրբ Հոգու ներշնչմամբ եւ ի նշան Սերբ Ուղղափառ Եկեղեցում Ձեր օրինակելի հոգևոր առաջնորդության, Դուք ընտրվեցիք որպես Սերբիայի Եկեղեցու առաջին սպասավոր եւ կոչվեցիք առաջնորդելու մի ժողովրդի, որի պատմությունը հատկանշված է անսասան հավատարմությամբ առ Քրիստոս եւ բազում մարտիրոսներով», — ասվում է Գարեգին Բ-ի շնորհավորագրի մեջ:
Նա նաեւ վստահություն է հայտնել, որ միայն ջանքերի մեկտեղումով հնարավոր կլինի հաղթահարել ժողովուրդների առջեւ ծառացած դժվարությունները եւ մարտահրավերները: Կաթողիկոսը կարևորել է նաեւ միջեկեղեցական կապերի սերտացումը եւ միջկրոնական երկխոսության առավել խթանումը:




























