Ղարաբաղյան հակամարտության ուժային լուծումը բացառվում է: Այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչը:

Նրա խոսքով, անհրաժեշտ է ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի ենթահանձնաժողովի գործունեությունը, որը կարող է լուրջ դեր խաղալ հակամարտության լուծման գործում:

«Մենք փորձել ենք մոտեցնել կողմերի մոտեցումները: Ես ամբողջությամբ բացառում եմ ընդհարումն ու հակամարտության ուժային լուծումը: Դա նաեւ ԵԽ դիրքորոշումն է»,- հայտարարել է նա՝ ընդգծելով, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, երկխոսության միջոցով:

Լուիս Մարիա դե Պուչը նկատել է նաեւ, որ Խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահը կշարունակի իր գործունեությունն այդ ուղղությամբ:

Հիշեցնենք, որ կառույցի ղեկավարի պաշտոնում Լուիս Մարիա դե Պուչի մանդատի ժամկետն ավարտվում է: Հունվարի 25-ին ԵԽԽՎ նոր ղեկավար է ընտրվել թուրք պատգամավոր Մովլուդ Չավուշօղլուն: